National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.09.2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի եւ ականանետերի կիրառմամբ»,-մասնավորապես նշված է նամակներում:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաեւ միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են տուժել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:

ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող եւ ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել  միջազգային հանրության լռության հետեւանքով նաեւ: Նպատակաուղղված արձագանքի եւ համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,-ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար եւ նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am